05/12/2023 10:40
«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով՝ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ
«Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․
Ապրանքն իրացվել է առանց պիտակի․
Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։
«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։
Նկարագրվածի առնչությամբ «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 504–Ա որոշմամբ տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով։
Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 470–Ա որոշմամբ տուգանվել է 2 միլիոն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար համապատասխանաբար Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 239-Ա, թիվ 238-Ա և 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 469–Ա որոշումներով տուգանվել է ընդհանուր շուրջ 4 միլիոն դրամի չափով։