05/12/2023 20:37
Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող
Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել ՌԴ, գիտեմ, որ երեկ եւս մերժվել է մեքենայի մուտքը ՌԴ, «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանն, ով առաջինն էր օրեր առաջ ահազանգել Վերին Լարսով հայկական բեռներն մուտքը ՌԴ արգելելու մասին։
Դիտարկմանը, թե նախօրեին Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար՝ Հակոբյանն արձագանքել է՝ «Լարսը բաց է» ձևակերպումը մանիպուլյատիվ է, քանի որ Լարսը երբեք էլ փակ չի եղել․ «Այլ հարց է, որ պատճառ են բերվում ֆիտոսանիտարական չափանիշներին անհամապատասխանությունը։ Ո՞վ ասաց կամ ե՞րբ են ասել, որ շուտ փչացող գյուղմթերքի համար Լարսը փակ էր, միշտ էլ բաց է եղել, գուցե եղանակային պայմաններից ելնելով՝ 1-2 օր է փակվել, բայց սա չէր հիմնական խնդիրը։ Այդ խնդիրը վերացել է, թե ոչ՝ չգիտեմ, գիտեմ, որ երեկ եղել են վերադարձող բեռնատարներ»։
Հակոբյանը տեղեկացրել է, որ վարդ արտահանող իր ընկերության 2 բեռնատարները այդ օրերին հետ են վերադարձվել։ Նույն օրը իրենք ևս մեկ բեռնատար են հետ կանչել՝ դեռ Լարս չհասած։
«Դրանից հետո այլևս մեքենաներ չենք ուղարկել, անիմաստ էր։ Միայն այսօր ենք ևս մեկ բեռնատար ճանապարհել, բայց դեռ Բագրատաշեն էլ չի հասել։ Մենք ուղարկվող բեռը լաբորատոր փորձաքննության ենք ենթարկել, Բագրատաշենում էլ այն զննվելու է»։
Հակոբյանը պատմել է, որ Լարսում բեռնատարներների մուտքն արգելելը պատճառաբանվում էին միջատների առկայությամբ։ «Ծաղիկների մեջ լինում են միջատներ, կա դրա թույլատրելի սահման, օրինակ, երբ Հոլանդիայից սածիլներ էինք բերել, դրանց մեջ տարբեր տեսակի տիզեր և այլ միջատներ եղել են, բայց մենք վերացրել ենք։ Ընդ որում՝ դրանցում նաև օգտակար միջատներ էլ կան, որ վերացնում են վնասակարներին։ Երբ Լարսում թափ են տալիս ծաղիկները, այդ պրոցեսին վարորդը ոչ մասնակցում է, ոչ էլ տեսնում է, թե ինչ է կատարվում, իրենք վերցնում են նմուշը, հետո գալիս, ասում են՝ չանցար։ Բայց ինչ են ստուգում, ում ներկայությամբ են ստուգում չգիտեմ»,- ավելացրել է նա՝ ընդգծելով, որ ջերմոցներում միայն 3 աշխատակից աշխատում են հենց այն ուղղությամբ, որ միջատներին հայտնաբերեն, ձեռնարկված են բոլոր միջոցները՝ դրանց վերացնելու ուղղությամբ։
«Նախկինում 3 տարի արտահանել ենք ու երբեք նման իրավիճակ չի եղել։ Անգամ հիմա, երբ բացել են ստուգելու՝ տպավորված են եղել թե արտաքին տեսքից, թե փաթեթավորումից։ Մտածել ենք, որ թույլ կտան անցնել, բայց ոչ՝ հետ են վերադարձրել։ Արդյունքում ընկերությունը անցած 10 օրվա ընթացքում մոտավարապես 15-20 մլն դրամի վնաս է կրել։ Հիմա սպասում ենք, տեսնենք՝ այս անգամ մեքենան կանցնի՞, թե՞ ոչ»,- նշել է Հակոբյանը։