05/12/2023 16:40
Հոգեսոմատիկա. Ինչպե՞ս է այս բարդ եզրույթը հեշտությամբ քայքայում մարդու հոգեկան և ֆիզիկական աշխարհը (Տեսանյութ)
Պատկերացնենք՝ անձը երկար ժամանակ գանգատվում է ստամոքսային ցավերից, ունի թաքնված ագրեսիա, տագնապայնության բարձր ֆոն և վախի դրսևորումներ։ Սակայն, երբևէ չի էլ մտածել, որ խնդիրները կարող են ունենալ հոգեսոմատիկ բնույթ։
Իսկ ի՞նչ է հեգեսոմատիկան, ի՞նչ դրսևորումներ և ազդեցութուն ունի մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, փորձել է պարզել Aysor.am-ը՝ զրուցելով հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ։
-Aysor.am Ի՞նչ է հոգեսոմատիկան, որտեղի՞ց է ծագել եզրույթը։
-Հոգեբան Հոգեսոմատիկայի մասին խոսել են դեռևս անտիկ ժամանակաշրջանից։ Պլատոնը, Արիստոտելը, Հիպոկրատը և այլոք իրենց աշխատություններում բազմիցս անդրադարձել են հոգեսոմատիկա երևույթին, սակայն 1818 թվականից հոգեսոմատիկան պաշտոնապես մտավ գիտության մեջ Հայնրոտի կողմից։
Սոմա նշանակում է մարմին, այն հոգի և մարմին բառերի միավորումն է։ Նշանակությունը՝ հոգեկանի և սոցիալական միջավայրի ազդեցությունը մարդու ֆիզիոլոգիայի, մարմնականի վրա։
-Aysor.am Որո՞նք են հոգեսոմատիկ բնույթ ունեցող տարածված հիվանդությունները։
-Հոգեբան Գիտության մեջ հայտնի է «Չիկագյան յոթնյակ» հասկացությունը։ Դրանք խոցային հիվանդություններն են, էնդոկրին համակարգի, մարսողության, սրտանոթային համակարգի, մաշկային բնույթի խնդիրները, արթրիտը։ Վերջիններս հաստատված հիվանդություններն են, սակայն կան նաև չհաստատված դեպքեր, որոնք դեռևս վիճելի են։
-Aysor.am Ինչպե՞ս հասկանալ, որ խնդիրը հոգեսոմատիկ է։
-Հոգեբան Հոգեսոմատիկան հուշում է, որ խնդիրը հոգեբանականից անցում է կատարել մարմնականին։ Երկար ժամանակ հոգեկանը իր ներսում պահում է որևէ խնդիր, խնդիրը լուծում չստանալու դեպքում (լուծումը կարող է լինել ինքնoգնությունը), այլ մասնագետի ներգրավման կարիք է առաջանում, ինչը կարևոր է, քանի որ գրագետ մոտեցման արդյունքում կարելի է շտկել իրավիճակը։ Եթե դա չի լինում, և խնդիրն արդեն շատ ուժեղ արմատներ ունի, անձը կարող է ունենալ այս կամ այն հիվանդությունը։ Հաճախ դա տեղի է ունենում փակվելու, ներամփոփ դառնալու հետևանքով։
Հոգեբանական խնդիրը կարող է ազդել տարբեր օրգան համակարգերի վրա, պայմանավորված լինել ժառանգական գործոնով, որևէ խնդրի հանդեպ նախատրամադրվածությամբ։
-Aysor.am Կա՞ որևէ ժամանակահատված, որից հետո անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով կարող են առաջանալ բարդություններ։
-Հոգեբան Մեր հասարակությունը երկար ժամանակ չի դիմում մասնագիտական օգնության, խորհրդատվության, և երբ արդեն անելանելի իրավիճակ ենք ունենում՝ ֆիզիկական սուր ցավեր, խնդիրներ, դիսկոմֆորտ, այդ ժամանակ նոր գնում են բժշկի՝ հասկանալու խնդիրը։ Կարող է և անձը չհասկանալ, որ իր մոտ առկա խնդիրը հոգեբանականից է անցում կատարել մարմնականին, խմել տարբեր դեղեր, փորձել բժշկի դիմել։ Այո, մարմնական ճիշտ բուժման դեպքում, հաղթահարելի է իրավիճակը, սակայն եթե անձը շարունակի իր նույն կենսակերպը, և խնդիրը չստանա լուծում, ապա այն կկրկնվի՝ նույնիսկ լավագույն մասնագետի մոտ բուժում ստանալուց հետո։
-Aysor.am Ի՞նչ առնչություն ունի հոգեսոմատիկան Պլացեբոյի էֆեկտի հետ։
-Հոգեբան Նմանատիպ իրավիճակները հիպոխոնդրիկ խնդիրների շարքին են դասվում։ Անձը տևական ժամանակ կարող է մտածել, որ խնդիր ունի ֆիզիկական մակարդակում, բայց դա իրականում չկա։ Այս իրավիճակում գոյություն ունի հիպոխոնդրիկ զառանցանք հասկացությունը, ինչը կարող է վկայել հոգեկան լուրջ խնդիրների մասին։ Եթե հոգեբանական խնդիրը շատ սուր է և մշտապես կրկնվում է այդ վիճակը, կան սևեռուն, կպչուն մտքեր, ապա կարիք կզգացվի հոգեբույժի հետ աշխատանքի։
-Aysor.am Կա՞ արդյոք հակառակ երևույթը` մարմնական խնդրից անցումը հոգեբանական խնդրի։
-Հոգեբան Այստեղ մենք խոսում ենք սոմատոհոգեբանության մասին։
Դիտարկենք թերարժեքության բարդույթը։ Եթե անձն ունի որևէ ակնառու ֆիզիկական խնդիր, արատ, հաշմանդամություն և այլն, բնականաբար, դա իր անդրադարձն է ունենալու անձի հոգեբանական վիճակի վրա։ Հիվանդության պատճառած ցավերից, դիսկոմֆորտից ընկնում է նաև անձի կյանքի որակը և առաջանում սոմատոհոգեբանական խնդիր։
-Aysor.am Ինչպե՞ս կարելի է կանխարգելել հոգեսոմատիկ խնդիրների առաջացումը։
-Հոգեբան Կանխարգելելու լավագույն միջոցը ինքդ քեզ, քո մարմինը, քո ներարշարհը հնարավորինս ճանաչելն է։ Եթե տևական ժամանակ որևէ խնդիր է տանջում հոգեբանական դաշտում, չունենք դրա համար հարմարման մեխանիզմներ, անհրաժեշտ է դիմել մասնագիտական խորհրդատվության՝ ճիշտ և բալանսավորված կյանք ունենալու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ