05/12/2023 12:42
Թամազյանի վրա գոռացել եմ՝ «դուրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», որովհետև վիրավորել է, նիստերը ցածր մակարդակի է անցկացրել. ՔՊ պատգամավոր
Նիստի ժամանակ ձեռքը պարզած՝ Արկադի Թամազյանի վրա գոռում էիք՝ «դո՛ւրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», դա պատգամավորին վայել վերաբերմո՞ւնք է. Ալավերդիում լրագրողը հարցրեց ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին։
Պատգամավորը նշեց, որ ավագանու 14 ընտրված անդամներին Թամազյանն անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել. «Ուղղակի թույլ տալ չի կարելի, կա սահման, որ չի կարելի հատել։ Նիստերը գրեթե ամբողջ տարվա ընթացքում նա վարել է անբացատրելի ցածր մակարդակի, անձնական էթիկայի կանոնները խախատելով, մարդկանց վիրավորելով»։
Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ անդամները լարված իրավիճակում կարողացան անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Պատգամավորը պնդեց, թե կատարվածը խուլիգանություն էր։ «Ես ցավում եմ կատարվածի համար, գիտեք, որ եկան, քվեատուփը շրջեցին, դրանք մարվեցին և օրենքով սահմանված կարգով նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Լուռ նստած էին բոլորը՝ մինչև անձնական տիպի վիրավորնքներ սկսեցին տալ ներկաների հասցեին և ստացան համարժեք պատասխան»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք հասունացել էր անվստահություն հայտնելու հարցը՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ դրա համար մի քանի պատճառ կար, որից մեկը Ալավերդու համայնքային բյուջեի դեֆիցիտն էր, որը կազմում է 421 մլն դրամ։ «Սա բյուջեի կառավարման տապալում է»,-ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ հունվար ամսից խայտառակ հակաիրավական գործընթացներ են տեղի ունենում համայքնապետարանում, ղեկավարի տեղակալներն ապօրինի են նշանակվել՝ առանց ավագանու, և 6 ամիս այդ մարդիկ ստացել են ապօրինի աշխատավարձ։