05/12/2023 22:40
Բլինքենը եվրոպացիներին հորդորել է Ուկրաինայի հետ չխոսել ՆԱՏՕ-ի մասին
Ուկրաինան պետք է հաշտվի այն մտքի հետ, որ 2024 թվականին ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դաշինքի երկրներին հորդորել է Կիևի հետ երկխոսություն ու բանակցություններ չվարել՝ դաշինքին անդամակցության հեռանկարների շուրջ, հայտարարել է Ուկրաինայի ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ նշելով, որ այդ տեղեկությունն իրեն անձամբ են հայտնել։
«Վաշինգտոնում մի քանի դիվանագիտական աղբյուրներ ինձ հաստատել են, որ Բլինքենը եվրոպացիներին հորդորել է Ուկրաինայի հետ չխոսել ՆԱՏՕ-ի մասին։ Ոչ մի ՆԱՏՕ էլ չի լինի։ ՆԱՏՕ-ի թեման նյարդայնացնում է ԱՄՆ-ի էլիտային»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ռադայի պատգամավորը։
Գոնչարենկոն նշել է նաև, որ Վաշինգտոնից հստակ ազդակներ է ստացել այն մասին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա՝ մարտական գործողություններն ավարտվելուց հետո։
«Որոշակի շարժ գուցե լինի ՆԱՏՕ-ի ուղղությամբ, բայց ասել, որ մենք 2024-ին կանդամակցենք դաշինքին, ոչ, այդպես չէ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակն արդեն հաշտվել է այդ մտքի հետ, ուստի Կիևը պետք է կենտրոնանա ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ»,- գրել է նա։
Նշենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ Ուկրաինան ներկայացրել էր 2022 թվականի սեպտեմբերին, իսկ այս տարվա հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարություն էր հնչել, որ երկիրը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնա միայն այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները բավարարված լինեն։ Հնարավոր անդամակցության հստակ կամ մոտավոր ժամկետներ չէին նախանշվել։