05/12/2023 19:52
Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ռուսաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան»,- ասել է Պեսկովը։
Իրանական Tasnim գործակալությունը ևս անդրադարձել է Էբրահիմ Ռայիսիի սպասվող այցին՝ նշելով, որ այն տեղի է ունենալու ռուսական կողմի հրավերով։ Հրապարակված տեղեկատվության համաձայն, Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկելու են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադառնալու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկելու են, մասնավորապես, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։
Պուտինն ու Ռայիսին վերջին անգամ երկկողմ հանդիպում են անցկացրել 2022 թվականի սեպտեմբերին՝ Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ բանակցությունների ժամանակ ընդգծվել է, որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները միջազգային շատ հարցերում մոտ են իրար կամ համընկնում են, իսկ երկու պետությունների միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ոլորտներում։