05/12/2023 10:38
Եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում, ուրախանում դրա վրա, խորոված անում. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը (Տեսանյութ)
ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե հերթական անգամ ՔՊ-ն թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ ու քննարկվի:
«Հերթական նախաձեռնությունը սպանվեց», - ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե հանրությունը սպասում է, որ հասկանա` ո՞րն է այն օրակարգը, որով ընդդիմությունը մի պահ վերադարձավ ԱԺ, հետո հեռացավ, հետո նորից եկավ:
«Հարցերի պատասխանները ձեր մեջ քննարկեք ու ընտրողներին ներկայացրեք», - նշեց Սիմոնյանը:
Նա կարծում է, որ ՔՊ-ին ընտրողները գոհ են իրենց ընտրությունից: ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ գործող ընդդիմություն:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց` նախ պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները:
«Իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը: Արդյոք չեք մտածո՞ւմ, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ընդգծեց Մինասյանը:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ: «Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում», - նշեց Սիմոնյանը` շեշտելով` իրենք իրենց ընտրողների հետ կխոսեն 2026 թվականին: