05/12/2023 09:58
«Հրապարակ». Արևմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի հակառուս խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաև Արևմուտքից են «իջեցրել»։ Ավելի վաղ գրել էինք, որ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել է արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Գրել էինք նաև, որ Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից ընդդիմադիր նոր ուժ ձևավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին։
Արևմուտքն էլ, պարզվում է՝ իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, թե Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից և սլանա դեպի Եվրոպա։ Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արևմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի հակառուս խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը և մյուս արևմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն»։