05/12/2023 12:22
«Էդ սպառնը՞մ եք». Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Թեկնածուներց միայն Մարաբյան է ներկայացել ԱԺ:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներողություն խնդրեց, որ Մխիթարյանն ու Շահվերդյանը չեն եկել, ասաց, թե դատավոր Շահվերդյանը վիրահատվել է, լավ չի զգում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առողջություն մաղթեց նրան, բայց շեշտեց` Ռուբիկ Մխիթարյանը շատ դեպքերում որոշում կայացնելուց հաշվի չի առել մարդկանց առողջական վիճակը, մասնավորապես, Արմեն Չարչյանի:
«Պարո՛ն Անդրեասյան, Ձեր գյուղում ուրիշ հերոս չկա՞: Չնայած, հասկանում եմ` Ռուբիկ Մխիթարյանը համարվում է քաղաքական պատվերով որոշումներ կայացնող ամենահայտնի դատավորներից», - դիմելով ԲԴԽ նախագահին` ասաց Գեղամ Մանուկյանը:
Կարեն Անդրեասյանն էլ կոչ արեց հարգալից խոսել դատական իշխանության ներկայացուցիչների մասին:
«Ես ու Դուք իրար շատ երկար ենք ճանաչում, Դուք էլ մեր մամուլն եք շատ երկար ճանաչում, եթե մամուլի բոլոր հրապարակումները սկսենք ԱԺ ամբիոնից մեկնաբանել` ԱԺ-ն բարձունքից կարող էր մի փոքր սասանվել», - ասաց նա:
Ի պատասխան` Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին. «Էդ սպառնը՞մ եք»: