05/12/2023 17:11
Իշխանությունը նախադեպ է ստեղծում փողով ծառայությունից ազատվելը լեգիտիմացնելու համար. Հայկ Նահապետյան
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին 5 տարվա ազատազրկման փոխարեն կա՛մ ծառայել բանակում, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի դիմաց։ Ըստ այդ փոփոխությունների՝ հետախուզվող քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել նաև ավելի քան 2 միլիոն դրամ վճարելով ու մեկ տարի ծառայելով. 5 միլիոն դրամի դիմաց կես տարի, իսկ 10 միլիոն դրամի դիմաց էլ ընդամենը 1 ամիս ծառայություն կանցնեն։
Պատերազմող երկրում ծառայությունից անուղղակի խուսափելը մեծ հաշվով հանցագործություն է. ես իրավական կողմը չեմ դիտարկում, այլ՝ բարոյական,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Իսրայելը, որ շրջափակված է ոչ բարեկամ երկրներով, 1948 թվականին սահմանել էր՝ արական սեռը պիտի ծառայեր 7 տարի, իգական սեռը՝ հինգ։ Իսրայելում հիմա էլ նրանք, ովքեր չեն ծառայել՝ եզակի բացառություններով, քաղաքացիական կարիերա ստեղծելու հավակակնություններ չեն կարող ունենալ. այդ մարդկանց կարիրեայի հնարավորությունները կամ նվազեցված են, կամ զրոյացված։ Պետական պաշտոն զբաղեցնելու պայման է բանակում ծառայելը, մարտական գործողություններին մասնակցած լինելն էլ առավելություն է։ Զինվորական ծառայություն անցած մարդկանց պետությունն արտոնություն էր տալիս ուսումնառության, բիզնես կազմակերպելու, գույք, տարածք ձեռքբերելու հարցում. այս ամենը զինվորական ծառայությունը խրախուսելու պետական քաղաքականության մասին է»։
Պահեստազորի գնդապետի գնահատմամբ մեր երկրում ճիշտ հակառակն է. իշխանությունն անում է հնարավորը բանակում ծառայողների թիվը կրճատելու համար։
Այս նախագիծը կարող է նախադեպ դառնալ այլ իրավական ակտերով ծառայությունից խուսափելու սողանցքների հնարավորությունները մեծացնելու համար։ Եթե նախկինների ժամանակ այդ սողանցնքերը կային և օրվա իշխանության ներկայացուցիչներն օգտվել էին դրանցից և չեն ծառայել, հիմա այս դասալիքների նպատակն է ի վերջո հասնել նրան, որ գումար վճարելով լեգիտիմացվի ծառայությունից խուսափելը։
«Այս և այլ նախագծերով իշխանությունը թշնամական պատվեր է կատարում՝ հարվածում է բանակին։ Ասում են, թե ռեֆորմներ են իրականացնում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար, բայց ով արտաբերում է պրոֆեսիոնալ բանակ հասկացությունը, նվազագույնը տգետ է։ Պրոֆեսիոնալ բանակ հասկացություն գոյություն չունի. թե պարտադիր ժամկետային զինծառայությունը, թե պայմանագրայինը և թե մասնավոր ռազմական ընկերությունների մոդելի բանակը պրոֆեսիոնալ են։ Երբ Սուրեն Պապիկյանն ասում է, թե նպատակ ունեն անցնելու պրոֆեսիոնալ բանակի, ուրեմն համարում է, որ ինքը հիմա սիրողակա՞ն բանակի պաշտպանության նախարարն է»։
Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ նման նախագծերը մեկ նպատակ ունեն՝ կրճատել բանակը և հասնել լուծարման։