05/12/2023 09:38
«Հրապարակ». Ինչո՞ւ են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկ չիմանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պատգամավորները Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրավիրել, որն առաջինն է արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Սակայն պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։ Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ով ադրբեջանական գերության մեջ է: Նրան փոխարինում է և նիստն էլ վարել է Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամավոր մանդատ են ստացել և երդվել: Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ձևավորել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու և Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Հանձնախմբում ընդգրկվել են արցախցի պատգամավորները, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկեն։
Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ամենայնի, արցախցիները չեն համարձակվում հաղորդագրություն տարածել, քանի որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արվել է մի քանի ընդդիմադիր պատգամավորի կողմից, սակայն չի ընդունվել։ Անհասկանալի է, թե ինչու են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկը չիմանա։ Երեկ փորձեցինք ԱՀ պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, սակայն մեծ մասն անհետացել էր, մյուսներն արագ անջատում էին հեռախոսը: Իսկ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանը լսեց հարցը և ասաց, որ չի ուզում մեկնաբանել: Ավելի ուշ զանգահարեց մեզ և հորդորեց հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություններին»։