06/12/2023 21:15
«Ուզում եմ Ստեփանակերտ գնանք, էնտեղ ամեն ինչ ուրիշ էր, մենակ թե թուրքեր չլինեն ․․․»․ 9-ամյա Նվարդ
Անդրեյանների ութ հոգանոց ընտանիքը երեք տարվա մեջ երկու անգամ տեղահանվել է․ 2020թ․ Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի իրենց տունն են կորցրել, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտից են հարկադրված դուրս եկել։
2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակում են սկսել, Անուշի ամուսինը դիրքերում էր։ Վեց երեխաներին նկուղ հասցնել օգնել են հարևանները։
«Եթե չօգնեին, չէի կարողանա մենակ բոլորին տանել։ Պայթյունների տակ հասանք նկուղ ու մինչև հաջորդ օրն էնտեղից դուրս գալ չկարողացանք։ Պայթյունները, ավտոմատների կրակոցներն էնքան մոտիկից էին լսվում, թվում էր, թե մեր բակում են։ Սարսափահար էին եղել երեխաները, վախենում էին քնել, ասում էին՝ բա որ քնենք, թուրքերը մտնեն բոլորիս կոտորե՞ն․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է վեց երեխաների մայր, բռնի տեղահանված Անուշը։
Ամուսնուց նա լուր չի ունեցել մոտ երկու օր․ ամսի 20-ի երեկոյան կողմ միայն ամուսինը կապի է դուրս եկել․
«Սեպտեմբերի 20-ի առավոտյան ամբողջ թաղով գնացինք դեպի օդանավակայան։ Էնտեղ հեռախոսները լիցքավորեցինք․ մինչ այդ ոչ կապ կար, ոչ լույս․․․ Մի պահ կապը վերականգնվեց, ամուսնուս զանգ գնաց, ասաց՝ ողջ եմ, օդանավակայանում եմ, ձեզ եմ փնտրում։ Ինքը չգիտեր էլ թե որտեղ ենք, ոնց ենք․ մի կերպ «չերեզներով» է իմացել մեր տեղն ու եկել փնտրելու․․․»։
Տուն վերադառնում են հաջորդ օրը։ Արդեն մի քանի օր ուտելու ոչինչ չունեին, երեխաները սթրեսից զատ, նաև ահավոր քաղց էին զգում։
«Պատերազմից մեկ շաբաթ առաջ արդեն ուտելիքը լրիվ սպառվել էր․ անգամ մի կտոր հաց չկար։ Ամսի 23-24-ին վառարան ենք դրել բակում ու ցորեն եփել, որ երեխաներն ուտեն։ Որ իմացանք հյուրանոցներից մեկում հաց են տալիս, փոքր աղջիկս գնաց, երկու փոքր հաց ձեռքին հետ եկավ։ Այդ հացով են յոլա գնացել երկու օր վեց երեխան․ ճանապարհին եթե դա էլ չլիներ, ուշագնաց կլինեին, արդեն էլ հալ չկար վրաները»,-ասում է մայրը։
Անուշի 9-ամյա աղջիկը՝ Նվարդը, ավշային հանգույցների քաղցկեղ ունի․ շրջափակման ամբողջ ընթացքում նրա համար ուտելիք գտնելը բարդագույնն էր ընտանիքի համար։ Մայրը հիշում է՝ եղածը ձավարեղեն ու սև հաց էր, դա էլ չէր մարսում աղջիկը։ Երկար ժամանակ միայն խաղող ու նուռ է կերել։
«Կարելի է ասել՝ երեխես ամիսներով սոված է մնացել։ Տասը դուռ եմ թակել, մինչև մի քանի կգ ալյուր եմ ձեռք բերել, մեկ-երկու հաց էի թխում ու տալիս, որ ուտի։ Մենք սև հաց էինք ուտում երկար ժամանակ»,-ասում է Անուշը։
Անդրեյանները հիմա Գյումրիում են ապաստանել։ Դժոխային օրեր ապրելուց հետո էլ երեխաների միտքն ու սիրտն Արցախում է։ Մայրն ասում է՝ ամեն օր համեմատում են դպրոցը, բակը․․․ 9-ամյա Նվարդն էլ ասում է՝ ուզում եմ Ստեփանակերտ գնանք, այնտեղ ամեն ինչ ուրիշ էր, մենակ թե թուրքեր չլինեն այնտեղ․․․
Կարևորագույն խնդիրը, որ մտահոգում է հիմա այս բազմանդամ ընտանիքին, աշխատանքի հարցն է։ Անուշի ամուսինը 17 տարի պաշտպանության բանակում է ծառայել, իսկ հիմա աշխատանք չի գտնում։ Անուշն էլ հիմա վարսահարդարման դասընթացների է գնում՝ այն հույսով, որ կկարողանա անհրաժեշտ պարագաները ձեռք բերել ու աշխատել որպես վարսավիր։