06/12/2023 16:23
Գյումրիում «Բալասանյան» դաշինքն ինքնակամ հանձնելու է իշխանությունը ՔՊ-ականներին, սա արվելու է «դեսպանի պաշտոնը՝ քաղաքապետի պաշտոնի դիմաց» սկզբունքով
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։
Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ ՔՊ-ից հայտնում են նաև, թե Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայտնեց, թե զարմանալի է այդ հայտարարությունը, քանի որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» բավական լավ համագործակցում էին։
«Այդ համագործակցության արդյունքներից մեկը եղավ այն, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, նշանակվեց Իրաքում ՀՀ դեսպան։ Չեմ ուզում հավատալ, բայց, ցավով պետք է արձանագրեմ, որ, ենթադրաբար, «Բալասանյան» դաշինքն ինքնակամ հանձնելու է իշխանությունը ՔՊ-ականներին։ Ենթադրում եմ՝ սա արվել է այսպես. դեսպանի պաշտոնը քաղաքապետի պաշտոնի դիմաց, այլ տարբերակ չեմ տեսնում։
Եթե հիմա «Բալասանյան» դաշինքը համագործակցության եզրեր չփնտրի ավագանիում մյուս երկու քաղաքական ուժերի՝ «Զարթոնք»-ի և ՀՀԿ-ի հետ, ուրեմն՝ սա պայմանավորվածություն է գործող իշխանությունների և Սամվել Բալասանյանի որդու միջև»,-ասաց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետը ասաց նաև, թե նշված ուժերից միայն մեկի հետ համագործակցելու պարագայում էլ «Բալասանյան» դաշինքը կարող է պահպանել իշխանությունը Գյումրիում։
Նա նշեց, թե առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի. «Եթե Միսակ Բալասանյանին հետ կանչեն դեսպանի պաշտոնից, ուրեմն իշխանազավթում է, եթե հետ չեկավ՝ ուրեմն պայմանավորվածություն է»։
ՔՊ-ի հաղորդագրության մեջ նշված էր, թե Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում։
«Դա ուղղակի ծիծաղելի է, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երկու տեղակալները ՔՊ-ականներ են, Արթուր Պապիկյանը Սուրեն Պապիկյանի հորեղբոր տղան է, իսկ Վահագն Մկրտչյանը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Գյումրիում բոլորը շատ լավ գիտեն, որ գրեթե ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է եղել, եթե կան ապօրինություններ, ապա դրանցում ներքաշված են ՔՊ-ականները ևս, որոնք մինչև հիմա ծպտուն չէին հանում»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը։