06/12/2023 13:08
Հիմա նրա նկարն է գրպանումս. մանկության ընկերուհին` Բարձրունիում զոհված Գերասիմի մասին. Sputnik Արմենիա
Մարդիկ կան, որ «մարդ պլյուս» են` լավ ընկեր են, լավ զինակից, լավ հրամանատար, հայր, ամուսին, որդի, ընկեր… Այսպես է Նանե Ասատրյանը բնութագրում իր մանկության ընկերոջը` Գերասիմ Ավետիքի Առաքելյանին, որը դեկտեմբերի 4-ին զոհվեց ադրբեջանական կրակոցից. գրում է Sputnik Արմենիան։
«Ես այս պահին ինձ այնքան անպաշտպան եմ զգում, ու թվում է` մեր սահմանն այնքան փխրուն է, քանի որ ինքն ինձ համար մի տեսակ հպման կետ էր, ու գիտեի, որ նաև իրենով է հայրենիքս ամուր», - ասել է Նանեն։
Նա հիշում է իր ընկերոջ հետ կապված յուրաքանչյուր դրվագ` ինչպես 8-րդ դասարանցի Գերասիմը եկավ Նանեի հիմնադրած «Էկոակումբ», որտեղ ծանոթացավ ապագա կնոջ` Տաթևի հետ, ինչպես կարողացավ հաղթահարել Տաթևի խստաբարո հոր արգելքներն ու հասնել իր երազանքի կնոջը, ապա ստեղծել իր լուսաշող ընտանիքը` լույս աշխարհ բերելով Արփինեին։
«Վերջին հինգ տարում նա կռվի, մահվան, կյանքի բոհերով էր անցնում ու արդեն պետք է վայելեր իր ընտանիքի բերկրանքը… Գերասիմն ինձ համար արդեն լույսի շող է։ Երբ հիմա նայում եմ Բարձրունու լեռներին, որտեղից բացվում է արևածագը, ինձ համար արևագալի լույսի շողը հենց ինքն է դարձել։ Բարձրունի գյուղի հատվածում են եղել այն դիրքերը, որտեղ Գերասիմը զոհվեց», - պատմել է Նանեն։
31-ամյա Գերասիմը լեյտենանտ էր, մասնակցել է 44–օրյա պատերազմին, Ջերմուկի` սեպտեմբերյան ռազմական հայտնի գործողություններին, նրա զինակից ընկերների մի զգալի մասը զոհվեց 2020 թվականին։ Այսօր արդեն նրա հոգեհանգիստն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։