06/12/2023 16:22
Եթե Նիկոլի կառուցած արդարադատությունը հաջորդ իշխանությունն էլ օգտագործի, ապա բողոքներ չպետք է լինեն. Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Նիկոլն այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է «2019թ. փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները»: Պետք է խոստովանեմ, որ, ինչպես միշտ, շատ ունիկալ խոստովանություն է, տիպիկ «կռուտիտ» (ըստ երևանյան բարբառի):
Չգիտես՝ ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական «արդարադատության» դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար: Նաև նրանց համար, ովքեր հայրենիք պաշտպանել գիտեն, պետության շահերի համար բարձրաձայն խոսել գիտեն, ովքեր նաև երբեմն ոչ այնքան հաճելի հայտարարություններ են անում: Արդարադատությունն այս մարդկանց անմիջապես գտնում է: Իսկ դավադիր կրոնն ընդունածների նկատմամբ, ինչ էլ որ անեն (բռնության կոչերից մինչև թքել)՝ արդարադատությունը խիստ անտարբեր է:
Հանուն արդարության պետք է հիմիկվանից ասել, որ եթե հանկարծ Նիկոլի կառուցած այժմեական արդարադատությունը հաջորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սկզբունքով գործի, ապա բողոքներ պետք է որ չլինեն»: