06/12/2023 18:25
14 միլիոնի դիմաց խոստացել են ՌԴ բանտից ՀՀ քաղաքացու ազատել (ArmLur.am)
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Հայկ Գեղամի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ կատարել է հափշտակություններ, մասնակցել է Վարդան Ղուկասյանի կողմից ստեղծված և ղեկավարած հանցավոր կազմակերպությանը, դրա կազմում խարդախությամբ կատարել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն, գույքային պարտավորություն ստանձնելուն հարկադրելու փորձ, ինչպես նաև թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը
Այսպես.
2018թ. փետրվար ամսից մինչև 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում ՀՀ քաղաքացի Հայկ Գեղամի Խաչատրյանը միասնական դիտավորությամբ չարաշահելով մի շարք անձանց վստահությունը, խաբեությամբ նրանցից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, մասնավորապես՝ 2018թ. փետրվար ամսին Հայկ Խաչատրյանը ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում գտնվելու ընթացքում Մուրադ Ամոյանից և նրա մորից՝ Կզե Կակոյանից, տեղեկանալով, որ Մուրադ Ամոյանի եղբարը՝ Արտակ Ամոյանը ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով գտնվում է կալանքի տակ ՌԴ «Վոլոկոլամսկ» քննչական մեկուսարանում, առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, նրանց վստահեցրել է, թե իբր ՌԴ իրավապահ համակարգում ունի մեծ կապեր և հնարավորություններ, կարող է որոշակի գումարի դիմաց Արտակ Ամոյանին օրենքով սահմանված կարգով ազատել կալանքից և նույնիսկ՝ դատից: Կզե Կակոյանը վստահելով Հայկ Խաչատրյանի խոստումներին, վերջինիս պահանջով 2018թ. փետրվար ամսից մինչև 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում Հայկ Խաչատրյանին առձեռն մաս-մաս տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.544.000 ՀՀ դրամին համարժեք ընդհանուր 1.800.000 ՌԴ ռուբլի: Գումարները ստանալուց հետո Հայկ Խաչատրյանը, չկատարելով իր խոստումը կամ դրան ուղղված որևէ գործողություն, խարդախությամբ հափշտակել է այն:
Այսինքն՝ Հայկ Գեղամի Խաչատրյանին մեղսագրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին/:
Բացի այդ, Հայկ Խաչատրյանը, օգտվելով Մուրադ Ամոյանի մոտ արդեն իսկ ձեռք բերած վստահությունից, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, երկու ամսով Երևանում «UBER» տաքսի ծառայությունը գովազդելու և տաքսի ծառայության համար հատուկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու խոստման դիմաց Մուրադ Ամոյանից և վերջինիս ընկերուհի Ռուզաննա Սեդրակյանից մաս-մաս առձեռն վերցրել է 80.800.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 ՌԴ ռուբլի գումար և չկատարելով իր խոստումը կամ դրան ուղղված որևէ գործողություն` խարդախությամբ հափշտակել է այն: