06/12/2023 18:06
«Ես նրան կասեմ՝ Կիրիակոս, բարեկամս, մենք չենք սպառնա ձեզ»․ Էրդողանը ցանկանում է Հունաստանի հետ «բարեկամության և բարիդրացիության» հռչակագիր ստորագրել
Հունաստանը և Թուրքիան «Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին հռչակագիր» կստորագրեն դեկտեմբերի 7-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հավելելով, որ փաստաթուղթը նախատեսված է ստորագրել Աթենքում՝ Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստից հետո։
Էրդողանը հայտարարությունը հնչեցրել է Աթենք կատարելիք իր այցից առաջ։ Նա կարծիք է հայտնել, որ Հունաստանն ու Թուրքիան վերջին շրջանում համագործակցությունը զարգացնելու կամք են ցուցաբերում։
«Այդ ընդհանուր մտադրությունը կամրագրվի «Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին հռչակագրում», որը մենք հուսով ենք, որ կստորագրենք դեկտեմբերի 7-ին՝ Աթենքում»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է նաև, թե ինքը մտադիր է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ասել, որ Թուրքիան Հունաստանին թշնամի չի համարում։
«Ես նրան այսպես կասեմ՝ Կիրիակոս, բարեկամս, մենք չենք սպառնա ձեզ, եթե դուք մեզ չսպառնաք։ Եկեք ամրապնդենք մեր երկրների միջև վստահությունը, եկեք ընդլայնենք երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, եկեք փոխադարձ հոգատարություն և հոգածություն ցուցաբերենք մեր երկրների պատմամշակութային ժառանգության նկատմամբ»,- ասել է Էրդողանը։