07/12/2023 19:34
Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառներ և ռիսկի գործոններ
Անոթային դեմենցիա բժշկական տերմինով նկարագրվում են տրամաբանության, ուղեղի «ծրագրավորման», դատողության, հիշողության և մտածողության այլ գործընթացների հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված գլխուղեղի վնասման հետևանքով:
Անոթային դեմենցիան հաճախ զարգանում է, երբ ինսուլտն արգելափակում է գլխուղեղի զարկերակը: Այն, թե արդյոք ինսուլտը կազդի՞ մտածողության և տրամաբանության վրա, կախված է ինսուլտի ծանրության աստիճանից և գլխուղեղի վնասված շրջանից: Անոթային դեմենցիան կարող է զարգանալ նաև այլ վիճակներից, որոնք վնասում են արյունատար անոթները և կրճատում շրջանառությունը՝ գլխուղեղը զրկելով կենսական թթվածնից և սննդանյութերից:
Գործոններ կան,, որոնք մեծացնում են սրտային հիվանդության և ինսուլտի ռիսկը, ներառյալ շաքարային դիաբետը, բարձր արյան ճնշումը, բարձր խոլեսթերինը և ծխելը: Այս գործոնների վերահսկումը կարող է օգնել նվազեցնել անոթային դեմենցիայի զարգացման հնարավորությունները:
Անոթային դեմենցիայի ախտանիշները տարբերվում են՝ կախված գլխուղեղի այն շրջանից, որտեղ արյան հոսքը խանգարվել է:
Ախտանիշները հաճախ համընկնում են այլ տեսակի դեմենցիայի, հատկապես Ալցհեյմերի հիվանդության դեմենցիայի ախտանիշների հետ: Սակայն, ի տարբերություն Ալցհեյմերի հիվանդության, անոթային դեմենցիայի ամենակարևոր ախտանիշները հակված են բացասաբար ազդել մտածելու արագության և խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե հանգեցնել հիշողության կորստի:
Անոթային դեմենցիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
շփոթվածություն,
ուշադրության և կենտրոնանալու դժվարություն,
մտքերը կամ գործողությունները կազմակերպելու ունակության թուլացում,
իրավիճակը վերլուծելու, արդյունավետ ծրագիր մշակելու և այդ ծրագիրը ուրիշներին հաղորդելու ունակության նվազում,
մտածողության դանդաղեցում,
կազմակերպման հետ կապված դժվարություններ,
հիշողության հետ կապված խնդիրներ,
անհանգստություն և հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա),
անկայուն քայլվածք,
դեպրեսիա կամ անտարբերություն (ապատիա):
Անոթային դեմենցիայի ախտանիշները կարող են առավել հստակ լինել, երբ դրանք հանկարծակի հայտնվում են ինսուլտից հետո: Երբ մտածողության և դատողության փոփոխությունները կարծես կապված են ինսուլտի հետ, այս վիճակը երբեմն կոչվում է հետինսուլտային դեմենցիա:
Երբեմն անոթային դեմենցիայի ախտանիշների բնորոշ բնույթը հաջորդում է մի շարք ինսուլտներին կամ մինի-ինսուլտներին: Մտածողության գործընթացներում փոփոխությունները տեղի են ունենում նկատելի քայլերով, որոնք նվազում են նախորդ գործունեության մակարդակից՝ ի տարբերություն աստիճանական, կայուն անկման, որը սովորաբար տեղի է ունենում Ալցհեյմերի հիվանդության դեմենցիայի դեպքում:
Ընդհանուր առմամբ, անոթային դեմենցիայի ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտային հիվանդության և ինսուլտի դեպքում: Անոթային դեմենցիայի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
Տարիքի բարձրացում (ծերացում). անոթային դեմենցիայի վտանգը մեծանում է, երբ մեծանում ենք: Խանգարումը հազվադեպ է հանդիպում մինչև 65 տարեկանը, և ռիսկը զգալիորեն աճում է մինչև 90 տարեկանը:
Արյունատար անոթների ախտաբանական ծերացում. այս վիճակը զարգանում է, երբ խոլեսթերինի և այլ նյութերի նստվածքները կուտակվում են ձեր զարկերակներում և նեղացնում արյունատար անոթները: Աթերոսկլերոզը կարող է մեծացնել անոթային դեմենցիայի ռիսկը՝ նվազեցնելով գլխուղեղը սնուցող արյան հոսքը:
Բարձր խոլեսթերին. ցածր խտության լիպոպրոտեինի՝ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը կապված է անոթային դեմենցիայի ռիսկի մեծացման հետ։
Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). երբ արյան ճնշումը չափազանց բարձր է, դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում արյունատար անոթների վրա օրգանիզմի ցանկացած շրջանում, այդ թվում՝ գլխուղեղում:
Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է ինսուլտի ռիսկը, քանի որ առաջացնում է արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորում սրտում, որոնք կարող են պոկվել և տեղափոխվել դեպի գլխուղեղի արյունատար անոթներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ