07/12/2023 19:00
Ուկրաինային հատկացվող օգնության ծավալն անցյալ տարվա համեմատ 90 տոկոսով կրճատվել է․ IfW
Կիևի իշխանություններին արևմտյան գործընկերների խոստացած օգնության ծավալը այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 90%-ով։ Նման հաշվարկներ է ներկայացրել գերմանական Քիլում գտնվող Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտը (IfW)՝ հրապարակելով այս թեմայոբվ արված հետազոտություն։
«Ուկրաինային աջակցության դինամիկան նվազել է, հեռանկարները տեսանելի չեն, քանի որ Եվրամիության ստանձնած հանձնառությունը դեռ վերջնական հավանություն չի ստացել, ԱՄՆ-ից եկող օգնությաան ծավալներն էլ կրճատվում են»,- նշված է հետազոտությունում։
IfW-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում 42 միջազգային դոնորներից 20-ն են նոր ռազմական աջակցություն խոստացել Ուկրաինային, ինչը ֆինանսական առումով ընդհանուր 2,1 միլիարդ եվրո է կազմում։ «Սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի հունվարից ի վեր»,- նշված է փաստաթղթում։
Ըստ IfW-ի՝ Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր՝ մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնության ծավալը 2022 թվականի փետրվարից սկսած՝ գերազանցել է 25 միլիարդ եվրոն։ Նոյեմբերին Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 2024 թվականին օգնությունը 4 միլիարդ եվրոյից հասցնել 8 միլիարդ եվրոյի, սակայն Գերմանիայի իշխանությունները դեռ չեն համաձայնեցրել հաջորդ տարվա համար նախատեսված բյուջեն՝ հարկաբյուջետային խնդիրների պատճառով։
Նշվում է նաև, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում ԵՄ երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնելու առաջարկը չի ընդունվել Բելգիայի, Հունգարիայի, Սլովակիայի և այլ պետությունների կողմից։ Այդ պատճառով է, որ Ուկրաինային ԵՄ երկարաժամկետ աջակցության ծրագրերը դեռ չեն հաստատվել։
ԱՄՆ-ից նոր ծավաալով օգնության հատկացման հարցը նույնպես չի համաձայնեցվել։