07/12/2023 12:24
Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին
Երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ես գնահատում եմ, որ դա պատվեր է, որը կատարում են, բայց երբ ինքն անձամբ գալիս է և դժբախտ պատահարը փորձում է ներկայացնել որպես արարք՝ առնվազն սազական չէ մարդու, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյան-Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանի ընթացքում հնչած մտքերին։
«Վարչապետը ո՛չ մեքենա է վարել, ո՛չ վարչապետի մեքենան է եղել, վարչապետը նման հրաման չի տվել, ի տարբերություն հայտնի դեպքերի։ Ընտանիքի, բոլորիս դժբախտությունը բերել և փորձել դա վերագրել իշխանությանը՝ շատ ցածր ու տգեղ բան է։ Կարծում եմ՝ հետագայում իրենք չպետք է իրենց թույլ տան նման բան անել, մարդկանց էմոցիաների, դժբախտության վրա խաղալ։ Եթե իրենք դրանով փորձում են հանրության կողմից իրենց մեղսագրվող արարքներին ինչ-որ ձևով հավասարության նշան դնել՝ ապարդյուն է, թող չփորձեն, մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն»,-ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի խորհրդարանում ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին պատասխանելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանում հիմա քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում։
«Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, որ հարց եմ տալիս` փորձեք կոնկրետ պատասխանել», - արձագանքեց Քոչարյանը` հիշեցնելով, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի»,-արձագանքել էր Լևոն Քոչարյանը։