07/12/2023 20:52
Ի՞նչ ասեմ, սպասեք․ Արևմուտքը «կօգնի»․ Ստանիսլավ Տարասով
«Մենք երբեք չենք ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությունն իր հաշվարկներում այսքան անհեռատես կլինի՝ չկարողանալով կանխատեսել իրավիճակի զարգացումը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա շուրջ», - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
«Տեսեք, թե ինչ է մնում չոր մնացորդում։ Հայաստանը խաթարված հարաբերություններ ունի բոլոր հարևանների հետ՝ Ադրբեջանի հետ (պատճառները հասկանալի են), փչացված են հարաբերություններն Իրանի հետ, կարգավորված չեն հարաբերությունները Թուրքիայի հետ, լուրջ խնդիրներ կան Մոսկվայի հետ։ Փարիզը՝ դե, դա նման է «Արևմուտքը մեզ կօգնի» հայտնի անեկդոտին: Ի՞նչ ասեմ: Սպասեք։ Արևմուտքը կօգնի», - շարունակել է փորձագետը։
Նրա խոսքով՝ պետք է ելնել գոյություն ունեցող իրականությունից։
«Ցավոք, հայկական ղեկավարությունը հայտնվել է հին դոկտրինների գերության մեջ։ Կորել են հայ արևելագիտության հոյակապ ավանդույթները։ Նախկինում մենք սովորում էինք հայ մասնագետներից։ Նրանք նրբանկատորեն զգում էին իրավիճակային պահերը և տեսնում ապագան: Այժմ իրավիճակն այս առումով ողբալի է, և Հայաստանը փաստացի մեկուսացման մեջ է՝ ինչպես Ռոբինզոն Կրուզոն անմարդաբնակ կղզում», - կարծիք է հայտնել Տարասովը։
Փորձագետը պնդում է, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը ոչ թե հյուսիսից, այլ հարավից է գալիս։ «Ղարաբաղը կորցնելուց հետո Հայաստանի խնդիրը հայկական պետականությունը պահպանելն է։ Պետք է փրկել Երևանը, քանի դեռ ուշ չէ», - հայտարարել է նա՝ հավելելով, որ հայկական պետականությունը գտնվում է իրական, լուրջ սպառնալիքի տակ։
Փորձագետը հիշեցրել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծի մասին, որից Ադրբեջանը չի հրաժարվում և այն առաջ է տանում բոլոր հնարավոր միջոցներով:
Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը չաջակցեց ռուսամետ տրամադրված հայկական ընդդիմությանը, քաղաքագետն ասել է. «Ես չեմ ուզում ասել, որ մենք հիացած ենք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունից։ Արտաքին քաղաքականության մեջ կովկասյան ուղղությամբ նկատվել են լիբերալ հայացքների միտումներ, իսկ պետությունների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն ծախսարդյունավետ հիմքի վրա՝ ձեռնտու է մեզ, թե ոչ»։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, ապա, ըստ Ստանիսլավ Տարասովի, կողմերը պատրաստ չեն առանց միջնորդների երկխոսության: Նա նաև չի բացառել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ռազմական էքսպանսիայի հավանականությունը: Չի բացառել նաև Ռուսաստանի հեռանալը Հայաստանից, եթե «խնդրեն»։ Սակայն Ռուսաստանի հնարավոր հեռացումը Հայաստանից չի նշանակի հեռացում՝ Հարավային Կովկասից։