07/12/2023 10:08
«Հրապարակ». Խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը՝ Գյումրին է
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ քննարկել է համայնքներում իշխանությունը զավթելու օպերացիաները։ Մոտ 2 տասնյակ համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվել է, և տեղական իշխանություն ձևավորել են հաղթող ուժերը: Նախօրեին խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը, ըստ ամենայնի, Գյումրին է: Երեկ առավոտյան գրել էինք, որ «Բալասանյան դաշինքը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը ՔՊ-ի հետ: Մեր հրապարակումից րոպեներ անց ՔՊ-ն որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և հայտարարեց, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը, փոխքաղաքապետները հրաժարական են տալիս, որովհետև «Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և իրականացվում է ստվերային կառավարում»:
Խոսքն այն մասին է, որ Դաշինքը կառավարում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու որդին` Միսակը: Բայց դա բնական է, քանի որ 2021-ի ընտրություններում այս դաշինքն է հաղթել, բայց այն ժամանակ Բալասանյանը գործարքի գնաց` գրեթե ամբողջությամբ զիջելով իշխանությունը և պահպանելով միայն քաղաքապետի պաշտոնը, որն իր դրածոն զբաղեցրեց: Դրա դիմաց էլ որդին նշանակվեց Իրաքում դեսպան:
Հիմա ՔՊ-ն այլևս չի ուզում կիսել իշխանությունը Բալասանյանների հետ, և որոշել են «Ալավերդի-2» անել՝ ավագանու անդամներ կգողանան և իշխանությունը կզավթեն: Մինչ այդ կփորձեն հասնել գործող համայնքապետի ինքնակամ հրաժարականին: Եթե չստացվի` անվստահություն կհայտնեն։ Պլան Բ-ով էլ հնարավոր է արտահերթ ընտրությունների գնան` ավագանին լուծարելով։ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, թե զարմանալու բան չկա` ՔՊ-ն «ընդդիմադիր է դառնում, հավանաբար՝ համագործակցությունն արդյունավետ չէր»»։