07/12/2023 09:48
«Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց և պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեև նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին ևս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից: Ավելին՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը: Ինչով կավարտվեն զարգացումները, դժվար չէ կանխատեսել:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի թիրախում է նաև Վարդենիս խոշորացված համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացավ նաև սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասով նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստ էր արել և հայտարարել, որ կանդրադառնա նաև այս համայնքին»։