07/12/2023 12:00
Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք, իրոք, խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞ կամ հայերը, որոնք գնում են Վրաստան։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք դրա մասին։ Իհարկե, չենք գրել», - նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը, որը դարձրել են բրենդային։
«Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետև Հայաստանում ընդդիմադիր գործիչները և լրագրողները մեզ, հակառակը՝ մեղադրում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, հանդուրժող լինելու մեջ։ Պետք է հասկանալի լինի, որ, այո՛, ժամանակ կանցնի և, չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան 116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են իրար հետ», - հավելեց Սիմոնյանը։