07/12/2023 21:18
«Երկու պետությունները վերահաստատում են խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը»․ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցում 32 հայ ռազմագերիների, Հայաստանն Ադրբեջանին՝ երկու ադրբեջանցի զինծառայողների։
Հայտարարությունում նշված է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին»,- նշված է տեքստում:
Հայտարարությունում կոչ է ուղղվում նաև միջազգային հանրությանը․
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»: