07/12/2023 10:20
ՔՊ-ին ճնշելն անհնար է, փորձել են ճնշել, բայց հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Թեկնածուն հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն է:
ՔՊ խմբակցության պատգամավորները շարունակում են սուր ելույթներ ունենալ` անդրադառնալով Հարությունյանին:
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսեց Հայկուհի Հարությունյանի հետ փակ հանդիպումից` նշելով, որ արտահոսք է եղել այդ հանդիպումից:
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է, այլ գործիքներով են ռեալ կյանքում փորձել ճնշել մեզ ու հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի»,- ասաց նա:
ՔՊ-ականը հայտարարեց, թե այսուհետ պետք չէ փորձել ասել տեքստեր, որոնք նմանվում են անարգանքի:
«Այդ դեպքում դուք արժանանալու եք համապատասխան վերաբերմունքի»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա:
Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականներին, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց: