08/12/2023 20:22
Ինչպե՞ս է ուտելուց հետո քայլելն ազդում արյան շաքարի մակարդակի վրա
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո քայլելը կարող է օգնել պահպանել արյան շաքարի մակարդակը: Փորձագետ Շենոն Քնապը անդրադարձել է հետճաշյա զբոսանքի առավելություններին, նշել, թե ինչ պետք է հաշվի առնել արյան շաքարի մակարդակը կառավարելիս:
Օրգանիզմի կողմից յուրացրած ածխաջրերը վերածվում են շաքարի (գլյուկոզա): Երբ ամեն ինչ լավ է գործում, ենթաստամոքսային գեղձը թողարկում է ինսուլին: Այս հորմոնը գլյուկոզան տեղափոխում է բջիջներ, օրգանիզմը կարող է այն օգտագործել էներգիա ստանալու համար, հակառակ դեպքում կարող է կտրուկ բարձրանալ արյան շաքարի մակարդակը:
Քնապն ասում է, որ երկու գործոն է սովորաբար առաջացնում խնդրահարույց հիպերգլիկեմիա (արյան շաքարի բարձրացում), և ինսուլինը դրանց երկուսի հիմքում է:
Արյան շաքարի բարձր մակարդակը պայմանավորող գործոններից են՝
Ենթաստամոքսային գեղձի բավարար չափով ինսուլին չարտադրելը. Առանց բավարար ինսուլինի, գլյուկոզան մնում է արյան մեջ և բարձրացնում արյան գլյուկոզի մակարդակը: Սա 1-ին տիպի շաքարախտի բնորոշ նշանն է, բայց հաճախ նկատվում է նաև 2-րդ տիպի շաքարախտի դեպքում:
Օրգանիզմը արտադրում է ինսուլին, բայց այն ճիշտ չի օգտագործում։ Սա կոչվում է ինսուլինի դիմադրություն և կարող է նաև առաջացնել արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ: Այն սովորաբար դեր է խաղում 2-րդ տիպի շաքարախտի դեպքում։
«Ժամանակի ընթացքում արյան շաքարի բարձրացումը հանգեցնում է արյան անոթների վնասմանը», - ասում է Քնապը:
Վնասված արյան անոթները հանգեցնում են լուրջ բարդությունների, ինչպիսիք են.
Շաքարախտի հետ կապված ռետինոպաթիա, որը կարող է կուրության պատճառ դառնալ
Շաքարախտի հետ կապված նեֆրոպաթիա, որը կարող է հանգեցնել երիկամների անբավարարության:
Սրտի կաթված
Նյարդային վնաս (նեյրոպաթիա):
Կան բազմաթիվ եղանակներ՝ արյան շաքարը առողջ միջակայքում պահելու համար, այդ թվում՝ ուտելուց հետո կարճատև քայլքը:
Այն կանխում է արյան գլյուկոզայի մակարդակի բարձրացումը, կայուն պահում ինսուլինի մակարդակը:
Ցանկացած ֆիզիկական գործունեություն օգտակար է արյան գլյուկոզի համար: Ժամանակի ընթացքում ֆիզիկական ակտիվությունն օգնում է մարմնին ավելի արդյունավետ օգտագործել ինսուլինը, նվազեցնել ինսուլինի դիմադրությունը, որը հաճախ նկատելի է շաքարախտի դեպքում:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդամենը երկուսից հինգ րոպե քայլելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը:
«Եթե ունեք շաքարախտ, ապա առողջ ապրելակերպը արյան գլյուկոզան թիրախային միջակայքում պահելու մի մասն է կազմում», - ասում է Քնապը:
Արյան շաքարի բնական կառավարման համար լավ սովորությունները ներառում են՝
առողջ սնվելը,
պարբերաբար մարզվելը,
սթրեսի կառավարումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ