08/12/2023 10:48
Ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններն՝ ուղղված երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և «հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին»։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որի մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ և աջակցում ենք այս ուղղությամբ լրացուցիչ քայլերի քննարկումը շարունակելու որոշմանը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ կերպով ստորագրվի խաղաղության համաձայնագիր, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: