08/12/2023 15:30
Կենդանասերները բողոքում են, դատախազությունից էլ հայտնում են, որ Հրազդանում կենդանիների սպանդի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հրազդանում տեղի ունեցած շների սպանդից վրդովված մի խումբ կենդանասերներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ։ Ըստ նրանց՝ թեև կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, սակայն պատկան մարմիններն անգործություն են դրսևորում։
Կենդանասերներից մեկը նշեց, որ, իրենց տեղեկությունով, մեկ ժամվա ընթացքում մոտ 7 շան կրակել են։
Aysor.am-ին գլխավոր դատախազությունից ասացին, որ Հրազդանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշենք, որ նշյալ հոդվածը վերաբերում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքին՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը։