08/12/2023 12:06
Առնվազն գոնե մեկ երկրում պետությունը ռազմական կցորդ նշանակելու մտադրություն ունի, քանի որ չի կարող նշանակել, կարգն ենք փոխում. Մարիա Կարապետյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագծի փոփոխության քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, թե ինչ է ասել լիազորող նորմի հնարավորությունը։
«Առանց այս օրենքի ՀՀ-ն որևէ երկրում ռազմական կցորդ չի կարող նշանակել պաշտոնական հարցերով։ Այդ արգելքն ենք հանում։ Որևէ տեղ՝ անկախ նրանից կան շենքային պայմաններ, կա բյուջե, թե չկա՝ չի կարող անել»,-ասաց նա։
Մարիա Կարապետյանի խոսքով՝ այսօր պետությունը մեկ երկրում ռազմական կցորդ նշանակելու մտադրություն ունի։ «Հիմա ես նկատում եմ, որ մեր երկրի մտադրություններում առնվազն գոնե մեկ երկրում ռազմական կցորդ նշանակելու մտադրությունը կա, և մեր վերլուծությունից երևում է, որ կոնկրետ այդ երկրում կան շենքային պայմաններ։ Հիմա մենք ասում ենք, որ կառավարությունը կարող է, ոչ թե պետք է բոլոր երկրներում ռազմական կցորդ նշանակի, որ թիվ էլ դնենք, ասենք՝ այդքան գումար հատկացնում ենք, այլ գոնե մեկ երկրում նշանակելու համար կառավարությունը մինչ այժմ չուներ թույլ տրվող նորմ»,-ասաց նա՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն պնդմանը, թե նախագիծը թերի է բերվել, առանց ֆինանսական հաշվարկի, քանի որ այն ենթարդրում է բյուջեի ուռճացում։
Արմեն Ռուստամյանը արձագանքեց, որ միևնույն է, ինքը դեմ չէ, որ արգելքները վերացվեն, այլ դեմ է նրան, որ չպատրաստված նախագիծ է բերվում։
«Հիմա Դուք ասում եք՝ գոնե մեկ երկիր, ես աստեղ չեմ տեսնում այդ երկրի մասին որևէ արձանագրում, չկա այդպիսի արձանագրություն, օրենք ենք ընդունում, կարգ կա»,-ասաց նա։