08/12/2023 11:25
Որևէ մեղադրական դատավճիռ չենք ընդունելու, ինչ պատժամիջոց էլ որոշի դատարանը՝ բողոքարկելու ենք. Չալաբյան (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հրապարակվեր «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատավճիռը։ Այն, սակայն, հետաձգվեց դատախազի խնդրանքով։
«Ինձ համար անակնկալ էր դատական նիստի հետաձգումը։ Ենթադրում էի, որ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեին պատժի հարցերը», - լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։
Քաղաքական գործիչն ասաց, թե հիմա երկաստիճան համակարգ է՝ երկփուլ, սկզբում դատարանն ընդունում է վերդիկտ, որով որոշում է մեղավորության կամ ամեղության հարցը, հետո քննարկվում է կոնկրետ պատժամիջոցը։
«Հիմա, քանի որ դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է տվել, անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց կորոշի, մենք բոլոր դեպքերում դա բողոքարկելու ենք։ Մենք հայտարարել ենք դրա մասին և շարունակում ենք պնդել, որ որևէ մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու։ Մեզ մոտ եռաստիճան դատական համարակարգ է և հաջորդ ատյաններում մենք բողոքարկելու ենց ցանկացած դատավճիռ, որը հենված է մեղադրական եզրակացության վրա»,- նշեց Չալաբյանը։
Թե ինչու հետաձգվեց նիստը՝ Չալաբյանն ասել չի կարող.
«Անկեղծ ասած՝ մեզ համար անակնկալ էր, որ այսօր մեղադրող կողմը հրաժարվեց ելույթ ունենալուց։ Ենթադրում եմ, որ իրենց համար էլ անհասկանալի հարցեր կան, քանի որ այս դատական գործն ունի նաև մեկնաբանությունների խնդիր։ Կարծում եմ, որ մեղադրական կողմը խնդիր ունի հասկանալու, թե ինչպես ձևակերպել պատժի պահանջը»։
Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։