08/12/2023 10:55
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչել Է Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում
Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում դեկտեմբերի 7-ի երեկոյան տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ՝ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո) և Ակսել Դավեյան (բարիտոն)։
Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 1998 թվականին: