08/12/2023 12:11
Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը. Սարգիս Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձանություն են տվել այս տարվա հուլիսին։
«Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Խանդանյանը։
Նա ասաց, որ Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Մենք կառուցողական ենք տրամադրված, բայց պետք է փաստաթուղթն ունենա այն տեսքը, որը Հայաստանի համար հնարավոր կլինի ստորագրել»,- նշեց Խանդանյանը՝ շեշտելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը տարածվեց երեկ, դրական ազդեցություն կունենա խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա լինելու է ի շահ Հայաստանի։
«Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց Խանդանյանը։