08/12/2023 12:21
Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում. Սարգիս Խանդանյանի արձագանքը՝ Ռուսաստանին
Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այն փոխվստահությունը, որ կա մեր ու այն գործընկերների միջև, որոնք Հայաստանին որոշ տեսակի պաշտպանական միջոցներ են տրամադրում, կարծում եմ, շատ ապահով է»,- նշեց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ այն մեկնաբանությունները, որ արվում են ռուսական կողմից, տրամաբանական ու ստույգ չեն։
Խանդանյանը հույս ունի, որ պարտավորությունները, որ ստանձնել է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ՝ կկատարի։
Նա ասաց, թե կառավարության գործընկերները նշել են՝ աշխատում են ռուսական կողմի հետ, որ զենքի մատակարարման հարցը լուծվի։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Bastion» տիպի զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, իրացվելի չեն։
«Հերթական անգամ, ցավոք, Հայաստանի ժողովրդին Արևմուտքը շփոթեցնում է կեղծիքով», - ասել էր նա։