08/12/2023 09:59
«Ժողովուրդ». Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։ Այդ փոփոխությունների նախագիծը ներկայացված է Ազգային ժողով, և առաջարկվում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում։ Նշվում է, որ այդ համակարգի ներդրումը նպատակ ունի թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը»։