08/12/2023 15:01
Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վտանգավոր են. Արմեն Ռուստամյան
Իլհամ Ալիևի թիվ մեկ նպատակն է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ վարել և ինչ-որ տեղ փակուղում հայտնված բանակցությունները տեղափոխել իր առաջարկած դաշտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ Ռուստամյանի՝ հիմա Ադրբեջանը փորձում է մեղմել իր նկատմամբ ճնշումները:
«Երկրորդը, ես վստահ եմ, որ փորձում է ասել՝ ճիշտը երկկողմ բանակցություններն են: Սրանով Ալիևն ասում է՝ «տեսեք, որ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունքներ են լինում»: Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանն ու բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձևաչափի դաշտ»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ երկկողմ բանակցությունները վտանգավոր են։
«Լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն։ Երկրորդը, ի՞նչ է նշանակում երկկողմ ձևաչափով հարցեր լուծել, դա նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու: Ե՞րբ է առաջանում միջնորդների անհրաժեշտություն, երբ կողմերը ունենում են չհամաձայնեցված դիրքորոշումներ ու դրանց համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ: Նրանք տալիս են հնարավորություն, որ այն, ինչ արդեն ձեռք է բերվել, երաշխավորվի»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։