08/12/2023 09:50
«Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին և 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ականներն այդ երկու օրը անցկացնելու են Գյումրու շքեղ GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում:
Ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն արդեն երկու օրով տեղեր ամրագրել են հյուրանոցում: Կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին գրել էր՝ Գյումրու մեր աղբյուրները հայտնել են, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, որը փոխքաղաքապետ կարգվեց: Հիմա, ըստ տեղեկությունների, նպատակ ունեն քաղաքապետի պաշտոնում նշանակել»։