09/12/2023 21:45
Պե՞տք է արդյոք դեղորայքով իջեցնել երեխայի ջերմությունը
Մի շարք հիվանդությունների մասին մարմինն ահազանգում է ջերմության բարձրացմամբ։
Փոքրիկների ծնողները երբեմն չեն կողմնորոշվում, թե ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը և խուճապի են մատնվում։
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է՝ երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը և ինչ չի կարելի անել բարձր ջերմության դեպքում։
Այսպիսով, երեխայի ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 38,5 °C և բարձր է: Ջերմիջեցնող դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից՝ երեխայի քաշին կամ տարիքին համապատասխան դեղաչափով:
Ջերմությունն իջեցնելու համար կարելի է ձեռնարկել որոշակի միջոցառումներ.
Երեխային հաճախ կերակրեք, տվեք հեղուկներ, եթե երեխան ավելի մեծ տարիքի է:
Թեթև հագցրեք, մի ծածկեք և մի փաթաթեք:
Երեխային տվեք ջերմիջեցնող կամ ցավազրկող դեղեր բժշկի խորհրդով՝ ըստ երեխայի քաշի կամ տարիքի:
Մեկ ժամ անց նորից չափեք ջերմությունը:
Եթե հավելյալ հարցեր ունեք, զանգահարեք բժշկին:
Չի կարելի՝
Ջերմող երեխայի մարմնին հպել սառը իրեր: Դա կնպաստի մաշկի անոթների սպազմին:
Երեխայի մաշկի ջերմության իջեցումը վտանգավոր է, քանի որ այն կբերի ներքին օրգանների ջերմաստիճանի բարձրացման:
Մարմինը շփել սպիրտով կամ քացախով, քանի որ նշված նյութերը կարող են ներծծվել մաշկի միջոցով՝ առաջացնելով մաշկային թունավորում:
Եթե երեխայի մաշկը բարձր ջերմության ժամանակ վարդագույն է և խոնավ, կարող եք լինել համեմատաբար հանգիստ, քանի որ դա վկայում է, որ չեն խախտվել ջերմարտադրության և ջերմատվության գործընթացները:
Եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառը, իսկ երեխան դողում է, դա վկայում է անոթների սպազմի մասին:
Այսպիսի դեպքերում պետք է բացառել բոլոր ֆիզիկական հովացնող մեթոդները՝ սառը ցնցուղ, սառը սավանով փաթաթելը և այլն:
Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Ի՞նչ դեղորայք ընտրել
Դեղորայքը ընտրելուց (հեղուկ, օշարակ, հաբ, մոմիկ) անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղերը հեղուկ և օշարակ վիճակում ազդում են 20-30 րոպեի ընթացքում, մոմիկը՝ 30-45 րոպեի ընթացքում: Մոմիկն օգտագործում են, եթե երեխան փոքր է, փսխում է կամ հրաժարվում է դեղ խմել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ