09/12/2023 11:54
Եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար. Ալիև
Հայաստանի հետ խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ լավատեսությունը տարեվերջին նվազել է, այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բայց, կարծում եմ, որ ժամանակն այստեղ այնքան էլ կարևոր չէ։ «Ղարաբաղի պորտֆելի» փակումից հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստ կլինի համաձայնության գալ մեզ հետ»,- ասել է նա:
Ալիևն ասել է, որ կգնահատեն և կմեկնաբանեն Հայաստանի վերջին առաջարկները, որոնք ստացել են օրեր առաջ:
«Ես, կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը պաշտպանված լինի ցանկացած ռիսկից։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ Հայաստանն այսօր և ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից»,- հավելել է Ալիևը: