09/12/2023 13:49
Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ի տրամադրած նավերը
Սևանա լճի հարակից տարածքում այսօր տեղի է ունեցել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառումը, որին ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ջրային պարեկային ծառայությունը՝ համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։
Զուգահեռ իրականացվել են նաև տեսական պարապմունքներ, որոնք անցկացրել են «Սևան» ազգային պարկի, ՆԳՆ փրկարար ծառայության, կրթահամալիրի և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։ Իսկ այս ամենին նախորդել էին միջազգային գործընկերների հետ համատեղ լայնածավալ աշխատանքներ, ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար մրցույթներ, ստուգարքներ։
Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ:
Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։
Լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցել են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։ Նրանք ուսումնասիրել են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցել են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։