11/12/2023 16:59
Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ մասնակցում է այս կլոունադային. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանություն է տվել Aysor.am-ին՝ կապված ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ։
Aysor.am-ը ՀՖՖ նախկին նախագահից մեկնաբանություն խնդրեց, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի թեկնածության մասին ու արդյո՞ք կլինեն արդար ընտրություններ։
Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե շատ է ափսոսում, որ Արաս Օզբիլիզը մասնակցում է խարդավանքների։
«Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր-նախագահ Ջևան Չելոյանցը-հեղ.) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգանի խարդավանքներին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգիտիմ չէ։
«Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք չուներ մասնակցելու, կանոնակարգի խախտմամբ է ընտրվել: Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ չհասկանալով՝ մասնակցում է այս կլոունադային։ Այսքանը»,- հավելեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը։