11/12/2023 20:43
«Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան անդրադարձել են խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին»․ ԱԳՆ
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախարարները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հարցեր։
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»։