11/12/2023 22:21
Եթե անգամ պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը․ Վահրամ Բալայան
Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա, և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ իրավունքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը։
«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրավական առումով չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, եթե այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» ստորագրվի՝ առանց Արցախի հետ կապված վերապահման, ապա հետագայում հնարավոր է դա պատրվակ դառնա ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպես ՌԴ-ն է ասել, թե ՀՀ իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպես էլ այդ պայմանագիրը կարող են պատրվակ դարձնել, եթե չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանա, բայց կրկնում եմ՝ դա իրավական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշվել էր իր տարածքի վրա և ոչ թե Ադրբեջանի կամ այլ պետության»,-ասել է Բալայանը և համոզմունք հայտնել, որ որևէ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Բաքվի ախորժակը բավականին մեծ է, նա չի սահմանափակվել Արցախով, այլ ուզում է զավթել ամբողջ Հայաստանը։
Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքվելուց որոշ ժամանակ անց խախտվել են․
«Իհարկե, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կբխի, բայց որևէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացվի կամ տարածքների փոփոխություն լինի։ Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողություն սկսի ԽՍՀՄ դեմ։ Այնպես որ, եթե անգամ նման պայմանագիր կնքվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Քաղաքական իրավիճակն աշխարհում անընդհատ փոփոխվում է, ու մենք պետք է չդադարենք պաշտպանել, տեր կանգնել մեր իրավունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պետք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում»,-նշել է Բալայանը։