11/12/2023 21:47
ՀՀ ԶՈւ ունակ է 5 տարում վերականգնել երբեմնի ուժն ու դիրքերը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր հարցեր․ ամենամտահոգող հարցերը բանակի ու անվտանգության մասին էին: 168․am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հանդիպմանն ընդգծել է՝ մեր բանակը, ՀՀ ԶՈւ- Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն գործոնն է եղել, բայց ոչ միակը:
«Այդ որոշիչ բաղադրիչի մեջ եղել է արտաքին քաղաքականությունը: Արտաքին քաղաքականության մեջ եղել են ՌԴ հետ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հարաբերությունները: Այդ բաղադրիչի մեջ եղել է ՀՀ ժողովրդի համերաշխությունը, համախմբվածությունը, միասնականությունը: Դրա մեջ եղել է հայկական սփյուռքը, դրա մեջ եղել է Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունը՝ նաև Արևմուտքի հետ, հարևանների հետ լավ հարաբերությունները: Երկու նախագահների՝ և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի օրոք հատկապես, մեր ԶՈւ-ն իրոք շատ մեծ դեր ուներ տարածաշրջանում: Մեզ դա ասել են մեջ միջազգային գործընկերները: Ու շատ կարևոր էր, որ Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող էր, այլ ստեղծող: Պատերազմում է պետությունը, ոչ թե բանակը: Բանակը կռվում է: Մենք, չգիտես ինչու, մտածում էինք, որ այս իշխանությունները ևս դա կհասկանային ու բանակը չէին թողնի մենակ, առանց համալրվելու ու աջակցության»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:
«ՀՀ ԶՈւ 3/4-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին: Այսինքն, մեր բանակի 75 տոկոսը չի մասնակցել: Ոչ թե չի մասնակցել, որովհետև չի ուզել, այլ՝ որովհետև խնդիր չի դրվել: Մի կորպուս է մասնակցել ու Արցախի ՊԲ-ն, ընդ որում՝ առանց համալրվելու: Կռվել-մաշվել է… Պակիստանի սպեցնազի դեմ, Սիրիայից եկած ջիհադիստ վարձկանների դեմ, Թուրքիայի F-16-երի աջակցության և հրահանգիչների դեմ, ադրբեջանական 4 հզոր կորպուսների դեմ: Դա իրենց մասշտաբով եմ ասում: Իրականում, մեր ԶՈւ-երը Ադրբեջանին դիմակայելու խնդիր երբեք չեն ունեցել, եթե իմ ասած տարբերակով պետությունը պատերազմեր: Ոչ թե մենակ բանակը կռվեր: Իսկ Ադրբեջանը ռիսկ արեց գնալ Հայաստանի դեմ պատերազմի՝ միայն ՀՀ իշխանությունների կողմից վարած ոչ արդյունավետ գործողություններից, բանակցությունները զրոյական կետից սկսելու հայտարարություններից ու արդեն խարխլված արտաքին հարաբերությունների պայմաններում: Իսկ Նիկոլը «խնդիրը մինչև վերջ լուծեց» Պրահայում՝ հայտարարելով, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»,- ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Մինչև գործող իշխանությունների գալը, Հայաստանը միշտ է հայտարարել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Իսկ մեր երկրի դիվանագիտության ջանքերի շնորհիվ նաև, Ադրբեջանն անցած տարիներին չի կարողացել որևէ երկրից ստանալ Հայաստանին օկուպանտ, ագրեսոր ճանաչելու մասին որևէ բանաձև, հիշեցրել է նախկին փոխնախարարը:
«Նիկոլի պարագայում եկավ-հասավ նրան, որ նաև Հայաստանի անվտանգությունն ապահովող պետության՝ 9-10 ամիս պաշարման մեջ, և սոված ու հյուծված ԶՈւ-ն կոչվեց «տեռորիստական կազմակերպություն»: Ու այս պարագայում Ադրբեջանը «հակատեռորիստական» ծրագիր է իրականացնում, ու այդպես մարսվում-գնում է:
Եթե ՄԱԿ-ի քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեր ԱԳՆ-ին ասում է՝ այդ ի՞նչ ես ասում, տես, Նիկոլը լրիվ այլ բան է ասում… էլ ո՞վ կարող է օգնել այդ երկրին, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ մեկ այլ երկիր: Պրծա՞վ, լուծվե՞ց հարցը: Չլուծվեց… Հայաստանն այսօր օկուպացված է: 36 սահմանամերձ համայնքը դարձել է 104 համայնք, օկուպացված տարածքներ՝ ՀՀ սուվերեն տարածքից, ու ԶՈՒ, որի գլխին կանգնած են արկածախնդիր ու դավադիր քաղաքական իշխանություններ»,- ցավով արձանագրել է Արտակ Զաքարյանը:
Այնդուհանդերձ, այսօրվա ԶՈւ-ն ունակ է ընդամենը 5 տարում վերականգնել իր երբեմնի ուժն ու դիրքերը»,- համոզված է պաշտպանության նախկին փոխնախարարը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում