11/12/2023 16:21
Արևմուտքն անում է հնարավորը, որ անգամ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը չկարողանա Հարավային Կովկաս վերադառնալ. Հայկ Խալաթյան
Պուտինի առաջադրվելը սպասելի էր, կանխատեսելի է նաև հաղթանակը։ Ավելի հետաքրքիր էր, թե ինչպես տեղի ունեցավ առաջադրումը։ Դոնբասի հերոս Ժոգան առաջարկեց, որ Պուտինն առաջադրվի. սա կարելի է համարել ուղերձ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն առաջնային է և որ Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվելու, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Ռուսաստանում ընդդիմությունը թույլ էր մինչև պատերազմը, պատերազմից հետո առավել ևս. շատերը, որ դեմ էին Պուտինի քաղաքականությանը, հեռացան երկրից։ Նախկինում ռադիկալ ընդդիմությունը չէր կարողանում ազդեցություն ունենալ գործընթացների վրա, հիմա առավել ևս չի կարողանալու։ Պուտինը բացահայտ հանրային աջակցություն ունի. նույնիսկ հանրության այն հատվածը, որ որոշ չափով դժգոհ է իշխանությունից, պատերազմի պայմաններում պատրաստ է ամեն կերպ աջակցել Պուտինին. հասկանում են՝ ներկա քաղաքականությամբ որոշվում է երկրի ապագան», - նշեց նա։
Խալաթյանն ընդգծեց՝ ուկրաինական հակամարտությունից կախված է Ռուսաստանի ապագան. Ռուսաստանում դա չեն համարում պատերազմ Ուկրաինայի դեմ, այլ՝ պատերազմ՝ հավաքական Արևմուտքի դեմ։
«Ռուսաստանում նաև համարում են, որ հաջողության հասնելուց հետո Արևմուտքը ստիպված է լինելու հաշվի առնել Ռուսաստանի շահերը, ինչը չէր անում մինչև պատերազմը։ Փաստացի Ռուսաստանի նպատակն է Ուկարինայում հաղթանակի շնորհիվ դաշնակիցների հետ ստեղծել նոր աշխարհակարգ», - ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք 2024 թվականին Ռուսաստանը կվերանայի Հարավային Կովկասում իր քաղաքականությունը՝ Խալաթյանը պատասխանեց. «Պետք է ընդունել, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար այս պահին երկրորդական նշանակություն ունի, և դրա համար է, որ այդքան ռեսուրս և ուշադրություն չի ծախսվում։ Այդուհանդերձ, կա դժգոհություն թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի վարած քաղաքականության հանդեպ»։
Հայկ Խալաթյանի գնահատմամբ, Ռուսաստանում տիրապետող է գնահատականը, որ կարևոր չէ, թե ինչ են այս պահին անում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները. Ուկրաինայում հաղթանակից հետո Հարավային Կովկասում ռուսական օրակարգն է դոմինանտ դառնալու։
Խալաթյանն ընդգծում է՝ մինչդեռ Արևմուտքը հիմա անում է հնարավորը, որպեսզի անգամ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը չկարողանա Հարավային Կովկաս վերադառնալ։
«Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Ուկրաինայի, Արևմուտքի հույսը Ռուսաստանում դժգոհություն, ներքին խռովություններ հրահրելն է, դա կանխելու համար Կրեմլը հստակ քաղաքականություն է վարում, չի գնում մոբիլիզացիայի, ինչը մյուս կողմից թույլ չի տալիս արագ հաջողության հասնել։ Այնուամենայնիվ, եթե անգամ Արևմուտքը շարունակի աջակցել Ուկրաինային, ժամանակ է պետք, որ Արևմուտքի ռազմական արդյունաբերությունը հասցնի համաչափ զինամթերք մատակարարել։ Ուկրաինայի և Ռուսաստանի ռեսուրսները համադրելի չեն. չի կարելի թերագնահատել մարդուժի գործոնը։ Հետևաբար՝ պատերազմի ելքը կանխատեսելի է, այլ հարց է՝ դեռ ինչքան է շարունակվելու այն և դեռ քանի հազար զոհ է լինելու», - ասաց Խալաթյանը։