11/12/2023 20:53
Ուկրաինան պետք է մնա չեզոք երկիր․ Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է մնա չեզոք երկիր և ձգտի կամուրջ դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև։
«Փորձել ամեն գնով հասնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սխալ է»,- ասել է Սարկոզին՝ El Mundo թերթին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի առաքելությունը պետք է լինի չեզոք երկիր մնալը՝ իհարկե, միջազգային հանրության կողմից անվտանգության շատ ուժեղ երաշխիքներով։ Եվ Ուկրաինան պետք է ձգտի կամուրջ դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև»,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը։
Նիկոլա Սարկոզին կարծիք է հայտնել նաև, որ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ է վարվել՝ փորձելով գրեթե մինչև վերջ բաց պահել հաղորդակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այո, նա ճիշտ էր, երբ փորձեց երկխոսություն վարել ՌԴ նախագահ Պուտինի հետ, և ես իսկապես ափսոսում եմ, որ նա չշարունակեց այդ երկխոսությունը, ավելի առաջ չգնաց այդ հարցում, ինչպես դա արեցի ես՝ 2008 թվականին»,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը։