11/12/2023 10:01
Դատավորների ծանրաբեռնվածությունը շուրջ 90 տոկոսով նվազելու է․ Անդրեասյան
Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նա ընդգծել է նաև, որ այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը:
«Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է): Հետևաբար՝ քաղաքացիական գործերը առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։
Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում: Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին», - նշել է նա: