11/12/2023 12:05
Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնին. ՀՀ ազգային կինոկենտրոն
Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնի 4–րդ RESIDENCY ծրագրում՝ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի գրաֆիկայի զարգացման համար։
«Հայաստանի ազգային կինոկենտրոնը մաղթում է նորանոր հաջողություններ ֆիլմի ստեղծագործական ամբողջ կազմին:
ԶԱԿՈ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով, նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և իրենց կանանց։
Հայրենիք վերադառնալուց հետո, 1956թ.-ին Զակոն հնարավորություն է ունենում այցելել Պիկասոյի ցուցահանդես և կանգնելով Գերնիկայի հսկայական նկարի դիմաց տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իր անցած ողջ դժոխքը: Նա հասկանում է, որ կայանալով որպես նկարիչ, մնացել է «ԽԱԿ» տոտալիտար համակարգի ազդեցության արդյունքում։ Նկարիչ Սարգիս Մանգասարյանը ծնվել է Սովետական Միության հետ և մահացել դրա փլուզման հետ։
Ռեժիսոր՝ Տիգրան Առաքելյան, պրոդյուսեր՝ Սուսաննա Խաչատրյան, սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան, բեմադրող նկարիչ՝ Տիգրան Մանգասարյան»,-գրվածէ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։