11/12/2023 15:33
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է մոտ ապագայում այցելել Հայաստան
Մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը։ Գերապետիտիսն այդ մասին խոսել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։
«Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։
Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։
Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։
Հակառակ վերոնշյալի՝ ուղերձները հավասարապես հուսադրող չեն մյուս՝ տարածաշրջանային և միջազգային ճակատներում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարյան Աֆրիկայում, որտեղ կայուն խաղաղության համար է՛լ ավելի ինտենսիվ ջանքեր պետք է գործադրվեն։
Հունաստանը՝ շնորհիվ արտաքին քաղաքականության իր սկզբունքներին և արժեքներին, ձեռք է բերել կարևոր միջազգային կշիռ, որը կիրառում է միջազգային հարթակներում: Միաժամանակ վստահելի գործընկեր է բոլոր միջազգային և տարածաշրջանային խաղացողների համար։ Շնորհիվ դրա, մենք խոհեմությամբ և ինքնավստահությամբ բարեկամության կամուրջներ ենք կառուցում մեր ավելի լայն տարածաշրջանում՝ միտված ներկային և ապագային», - դեսպանի խոսքն է փոխանցում Հունաստանում ՀՀ դեսպանությունը։