11/12/2023 10:11
Տպավորություն է, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում
Մի քանի օր առաջ, իր ելույթներից մեկով, Ալիևը կրկին անդրադարձավ Սյունիքով Նախիջևանին կապվող երթուղիների խնդրին, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նկատում է՝ վերջին շրջանում այս թեմայով գլխավոր նորությունն այն է, որ շատ դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թե «միջանցք» տերմինը, այլ դրա նկարագիրը:
«Պարզ ասած, տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում այն տարբերությամբ, որ կտրուկ ձևակերպումների փոխարեն խոսում են այդ երթուղու վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձևակերպումն են», - գրել է Աբրահամյանը:
Նա հարց է բարձրացնում՝ արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձևով միջանցք ստանալու համար․ «Որևէ մեկը չի կարող բացառել` հատկապես, որ այս իշխանության առաջին նկարագրական բառը ստախոսությունն է:
Տարբերակ է նաև այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում հարցը ուժով լուծել:
Ամեն դեպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարևոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաև պաշտոնական մակարդակով»: